Հայաստանի Հանրապետության Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ երևանյան դելֆինարիումի գործով երկրորդ նախնական դատական նիստը։
«Մեր պահանջը փորձաքննություն իրականացնելն է՝ շենքի սահմանային չափի և նոր կենդանիներ ներմուծելու հետ կապված»,- ասաց հայցվոր կողմը ներկայացնող «Պրեզենցիա» իրավաբանական ընկերության տնօրեն Լևոն Օհանյանը։
Նա միջնորդեց դատավոր Հակոբյանին պահանջել պատասխանող կողմից՝ «Դելֆինարիում Նեմո» ՍՊԸ-ից, ներկայացնել դելֆինարիումի շենքի նախագծային ամբողջ փաթեթը։ Դատավորը ընդունեց միջնորդությունը և նշանակեց ևս մեկ նախնական դատական նիստ։
«Հաջորդ դատական նախնական նիստը նշանակվում է 2011 թվականի նոյեմբերի 28-ին, ժամը 17։00-ին։ Պահանջվող փաթեթը ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ»,- հայտարարեց դատավոր Հակոբյանը։
Հայցվորը՝ «Թռչնասերներ» ՀԿ նախագահ Սիլվա Ադամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք պայքարելու են մինչև վերջ, մինչև բոլորը հասկանան, որ Հայաստանում դելֆիններ ապրել չեն կարող. «Դելֆինները ընդհանրապես չեն կարող ապրել ոչ օվկիանոսային ջրում և պետք է սնվեն միայն թարմ ձկների որոշ տեսակներով։ Իսկ նրանց տալիս են սառեցրած ձուկ»։





