AM
4 Նոյեմբեր 2011 - 09:17 AMT

Նոյեմբերի 29-30-ին Հայաստանում կկայանա ԱՊՀ հոգևոր առաջնորդների խորհրդի նիստ

Նոյեմբերի 2-ին և 3-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվել է Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը` ընդլայնված կազմով:

Էջմիածնից հայտնում են, որ առաջին նիստի սկզբում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջունել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կ. Պոլսի Հայոց Պատրարքության ներկայացուցիչների մասնակցությունը ժողովին, ապա իր օրհնություն ու գնահատանքն է բերել խորհրդի անդամներին:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, սրբադասման և ծիսական հանձնախմբերի համանախագահներ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը և Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը զեկույցներ են ներկայացրել հանձնախմբերի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Այնուհետև Արշակ Սրբազանը ներկայացրել է թեմերի կանոնադրություններում թեմական-ծխական կանոնադրության ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացի արդյունքները: Ժողովականները մեծապես կարևորել են այդ գործընթացը` թեմերում փաստաթղթի ներդրման վերջնաժամկետ սահմանելով 2012 թվականը:

Ժողովում անդրադարձ է կատարվել մի շարք թեմական հարցերի:

Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդին ծանուցել է նոյեմբերի 29-30-ին Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների հոգևոր առաջնորդների խորհրդի նախագահության նիստի մասին` մասնակցությամբ խորհրդի համանախագահներ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի և Կովկասի մահմեդականների առաջնորդ Շեյխ ուլ իսլամ Փաշա Զադեի: Նույն օրերին նախատեսվում է նաև տարածաշրջանի երկրների հոգևոր առաջնորդների հանդիպում` միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի:

Ժողովի ավարտին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները շնորհավորեցին Վեհափառ Հայրապետին գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առիթով` մաղթելով քաջառողջ կյանքի երկար տարիներ և արդյունաշատ գահակալություն` ի պայծառություն Հայոց Եկեղեցու: