AM
4 Նոյեմբեր 2011 - 13:24 AMT

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը կլուծվի ԵԱՀԿ աջակցությամբ

Նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շենքում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրան և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կստորագրեն փոխըմբռնման հուշագիր` «Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտություն» ծրագրի իրականացման վերաբերյալ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է`իրականացնել Նուբարաշենի տեղանքի տեխնիկական հետազոտում և գնահատում, Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում գտնվող գյուղերում առողջապահական ռիսկերի գնահատում, աշխատել պետական պաշտոնյաների հետ` գնահատման հետազոտության մշակման հետ կապված նրանց կարողությունները հզորացնելու համար, արդյունքները ներկայացնել դոնորներին` Նուբարաշենի տեղանքը վնասազերծելու ու բացահայտված առողջապահական ռիսկերը լուծելու նպատակով գումար հավաքելու համար:

1982 թ. Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: