AM
7 Նոյեմբեր 2011 - 06:40 AMT

Սիրահարների այգու կամրջակներից մեկը կանվանակոչվի Հույսի կամուրջ

«Հույսի կամուրջ» հաշմանդամ երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունն այս տարի տոնում է իր հիմնադրման 15-ամյակը: ՀԿ-ից հայտնում են, որ «Պողոսյան պարտեզներ» ընկերությունը որոշել է նվեր մատուցել կազմակերպության տարեդարձին, և նոյեմբերի 8-ին ժամը 13:00-ին Սիրահարների այգում կկայանա կազմակերպության հիմնադրման տարեդարձին նվիրված միջոցառումը, որի ընթացքում այգու կամրջակներից մեկը կանվանակոչվի Հույսի կամուրջ:

Կազմակերպության տարեդարձին նվիրված մի շարք միջոցառումներ կիրականացվեն Երևանում և Տավուշի մարզի չորս քաղաքներում, ուր գործում են երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության համայնքային կենտրոնները: «Հույսի կամուրջը» հիմնադրվել է 1996 թվականին: Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հաշմանդամ երեխաների և երիտասարդների, ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: