Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 14-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում տուն է այրվում: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 3 երեխա, ովքեր անմիջապես 1-03 ծառայության կողմից տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց:
Դեպքից անմիջապես հետո առողջապահության նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները գործուղվել են Սպիտակի հիվանդանոց: Երևանից Սպիտակ է ուղարկվել նաև արագ արձագանքման ռեանիմոբիլը անհրաժեշտության դեպքում երեխաներին մայրաքաղաք տեղափոխելու համար:
Տուժածների առողջական վիճակը գնահատելուց հետո մասնագետները երկուսին տեղափոխել են Երևան: Այժմ երեխաներից մեկը գտնվում է Ճառագայթաբանության և այրվածքների կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Իսկ մյուսը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Ըստ մասնագետների երկուսի վիճակն էլ գնահատվում է ծայրահեղ ծանր:
Տուժած մյուս երեխայի կյանքը, չնայած մասնագետների ջանքերին, հնարավոր չի եղել փրկել: Երեխան մահացել է Սպիտակում: Այժմ առողջապահության նախարարության ներկայացուցիչները վերոհիշյալ հիվանդանոցներում են անհրաժեշտության դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:





