Նոյեմբերի 24-ին ժամը 13:00-ին Հայաստանի Ազգային գրադարանում տեղի կունենա Յուրա Պետրոսյանի կազմած «Նարեկացու հետ» գրքի շնորհանդեսը:
Այն իր մեջ ամփոփում է Նարեկացու ստեղծագործությունները, նրան նվիրված շուրջ 150 հոդվածները և նյութերը, 600 լուսանկարներ, պատկեր-խոյակներ, Հայկական, Կիլիկյան, Վասպուրականի մանրանկարներ, կերպարվեստի գործեր: Նշանավոր գրողների և արվեստագետների, գործիչների ստեղծագործությունները` նվիրված Նարեկացուն և նրա ստեղծագործություններին (Ղևոնդ Ալիշան, Վիլյամ Սարոյան, Մանուկ Աբեղյան, Արշակ Չոպանյան, Հովհաննես Թումանյան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Մարտիրոս Սարյան, Եղիշե Չարենց և այլն):
Գիրքը կազմված է 27 բաժիններից: «Մուտք» բաժնում կազմողի խոսքն է, Պարույր Սևակի «Գրիգոր Նարեկացին», Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի կոնդակը` «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակի առթիվ: Մնացած նյութերն ու հոդվածներն ամփոփված են «Կյանքը և ժամանակը», «Նարեկացու աշխարհայացքը», «Բանարվեստի նարեկյան դպրոցըև այլ խորագրերի ներքո:
Գիրքը լույս է տեսել 2011թ., նվիրված է հայկական տպագրության 500-ամյակին:





