AM
24 Նոյեմբեր 2011 - 12:35 AMT

Կամովին զինկոմիսարիատ ներկայացած զորակոչիկների նկատմամբ քրեական հետապնդումը կդադարեցվի

Հայաստանի Հանրապետության նախագահը 2011 թվականի հոկտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել 2011թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին 2011 թվականի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: ՀՀ զինված ուժեր են զորակոչվելու արական սեռի այն ՀՀ քաղաքացիները, որոնց 18 տարին լրացել է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև 27 տարին չլրացած այն քաղաքացիները, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

Դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ոստիկանության համակարգի քննիչների վարույթներում ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի` Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու հատկանիշներով հարուցված և քննվող բազմաթիվ քրեական գործերով մեղադրյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում է տրվել մարզերի և համայնքների դատախազներին՝ անհապաղ փոխել ընտրված խափանման միջոց կալանավորումը, դադարեցնել հետախուզումը և քրեական հետապնդումը այն զորակոչիկ մեղադրյալների նկատմամբ, ովքեր զորակոչի ընթացքում կամովին կներկայանան ոստիկանություն կամ զինկոմիսարիատ և ցանկություն կհայտնեն ծառայելու ՀՀ զինված ուժերում: