Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ոստիկանության վաշտի ավագի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հետախույզ-պահնորդական շնաբուծության բաժնի ոստիկանության վաշտի ավագ Ա. Գևորգյանը 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողներին ամրակցված ավտոմեքենաները վառելիքով ապահովելու նպատակով, կնքված պայմանագրերի հիման վրա առևտրային կազմակերպություններից ստացել է 38.280 լիտր բենզին, իսկ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսությունից` 7.830 լիտր բենզին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ա. Գևորգյանը մուտքագրել, հաշվառել և կազմակերպել է վառելիքի բաշխումը, որի ընթացքում, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հատուկ մատյանի լրացման կարգը խախտելով, կատարել է իրեն վստահված 1 894 800 դրամ ընդհանուր արժողությամբ գույքի` 5.020 լիտր բենզինի լիցքավորման կտրոնների յուրացում և 2011թ. հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դրանք իրացրել է: Բենզինի լիցքավորման կտրոնները տարբեր անձանց իրացնելու արդյունքում ստացած գումարները նա օգտագործել է անձնական կարիքների համար:
Նախաքննության ընթացքում` 2011թ. նոյեմբերի 18-ին, Ա. Գևորգյանը հանցագործությամբ պատճառած 1 894 800 դրամ գույքային վնասը վերականգնել է լիովին:





