AM
2 Դեկտեմբեր 2011 - 13:36 AMT

Կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար կազմակերպվել է ամանորյա տոնածառի զարդարում

Արմենիա Մարիոթ հյուրանոցը «Օրրան», «Աստղիկ», «Սոս մանկական գյուղ» հասարակական կազմակերպությունների հետ միասին կազմակերպել է ամանորյա տոնածառի զարդարում կարիքավոր և հաշմանդամ երեխաների համար:

Կազմակերպիչները հայտնում են, որ Արմենիա Մարիոթ հյուրանոցը հյուրընկալել է մոտ 50 երեխա վերը նշված 3 հասարակական կազմակերպություններից և կազմակերպել ամանորյա տոնածառի զարդարումը: Սկսած ժամը 15:30-ից երեխաները հավաքվել են թխվածքներ և քաղցրավենիքներ պատրաստելու, որից հետո երգել են Սուրբ Ծննդյանը նվիրված երգեր: Այս հետաքրքիր ներկայացումից հետո բոլոր երեխաները հավաքվել են տոնածառի շուրջը երազանք պահելու, տոնածառը զարդարելու և հույսի մի նոր շունչ արթնացնելու իրենց սրտերում:

Այս համատեղ նախաձեռնությունը հաշմանդամ երեխաներին հասարակության մեջ ինտեգրելու օգնության ևս մեկ քայլ է: Այն նպատակ ունի նաև բարձրացնելու հասրակության իրազեկության մակարդակը` նմանատիպ ՀԿ-ներին կատարվող հանրային նվիրատվությունները խթանելու համար: Միջոցառումը կրելու է շարունակական բնույթ:

«Այս տարի միջոցառումը ավելի մեծ, լուսավոր և ջերմ էր շնորհիվ 3 ՀԿ-ների և 3 մարզերից ժամանած 50 երեխաների ստեղծած մթնոլորտի, որտեղ գլխավոր երջանկությունը երեխաների աչքերում հույս ու ամանորյա հրաշք տեսնելն էր».- նշում են կազմակերպիչները: