AM
12 Դեկտեմբեր 2011 - 10:36 AMT

Քահանա. Եթե կանայք քաղաքականությամբ չզբաղվեն, քաղաքականությունն ու հասարակությունը միայն կշահեն

ԱԺ «Օրինաց երկիր» կուսակցության խմբակցությունը ներկայացրել է գենդերային հավասարության մասին նոր օրինագիծ, որի մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսեց օրենքի հեղինակ, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը։

«Դեռ 2008 թվականից շրջանառության մեջ էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների մասին օրենքի նախագիծը։ Տարբեր ՀԿ-ների, շահագրգիռ կազմակերպությունների հետ տարբեր քննարկումներ են եղել, և մեզ հաջողվել է ներկայացնել օրենքի նախագիծ»,- ասաց նա՝ նշելով, որ բոլորովին վերջերս կառավարությունն էլ է ներկայացրել նմանատիպ օրինագիծ. «Կառավարության հետ համատեղ կկազմակերպենք լսումներ, կլսենք բոլոր առաջարկները, կընդունենք որոշ մասը»։

Բանախոսը նշեց, որ հերթական քննարկումներից մեկի ժամանակ իրենց հարցրել են՝ ինչպես կարող են «հնազանդն» ու «տերը» լինել հավասար. «Ես պատասխանեցի, որ բացի այս օրենքից, յուրաքանչյուր ընտանիք ունի իր ներքին օրենսգիրքը, իր կանոնները։ Մենք պետք է փորձենք ոչ թե թափանցել ընտանիք, այլ խոսենք ընտանիքից դուրս»։

Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը սրան ի պատասխան նշեց, որ քրիստոնեությունն այն կրոնն է, որ դեռևս 2000 տարի առաջ սահմանել է գենդերային հավասարություն՝ բոլորը հավասար են Աստծո և Քրիստոսի առաջ։

«Պետք չէ մոռանալ, որ Աստված ստեղծեց 2 սեռ՝ կին և տղամարդ, և յուրաքանչյուրին տվեց իր գործառույթներն ու դերակատարումը»։ Նա նշեց, որ «տեր» և «հնազանդ» չի նշանակում տիրել կամ ստրկացնել։ «Այդ խոսքերից առաջ ասվում է՝ ինչպես, որ եկեղեցին է հնազանդվում Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց տղամարդկանց, և ինչպես որ Քրիստոսն է սիրում եկեղեցուն, նույնպես թող տղամարդիկ սիրեն իրենց կանանց»։

Նա նշեց, որ ստրկության կամ տիրելու մասին խոսք գնալ չի կարող, քանի որ խոսքը սիրո մասին է. «Եթե հավատում են Աստծոն, խտրականության մասին խոսք լինել չի կարող»։ Տեր Հայրը հավելեց, որ իր կարծիքով որքան կանայք քիչ լինեն քաղաքականության մեջ, այդքան կշահեն և° քաղաքականությունը, և° հասարակությունը։