«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն՝ անդրադառնալով սփյուռքահայ բարեգործ Նարեգ Հարթունյանի կալանավորմանը։ Նշվում է, որ առաջին հայացքից զարմանալի կարող է թվալ, որ «հանուն հարկային արդարության» սկսված պայքարը թիրախ ընտրեց սփյուռքահայ Նարեկ Հարթունյանին և Հարթունյան ընտանիքը` մարդկանց, որոնք ներդրողների մեջ առանձնանում են իրենց մշակութային և արվեստասեր կերպարով և գործերով:
«Հատկանշական է, որ նման զարգացումները հետևել են օրեր առաջ սփյուռքին ուղղված Սերժ Սարգսյանի ամպագոռգոռ կոչերին`համագործակցել, ներդնել, վերադառնալ Հայաստան: Եթե հիշենք, որ վերջերս սփյուռքի մի շարք հեղինակավոր ներկայացուցիչներ` Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը, ՀՅԴ ԱՄՆ արևմտյան ափի կենտրոնական կոմիտեն, Շարլ Ազնավուրը, Լևոն Հայրապետյանը և ուրիշները, կոշտ և անկեղծ գնահատական են տվել Հայաստանում տիրող աղետալի իրավիճակին, ապա հասկանալի է դառնում իշխող ռեժիմի այսպիսի կեցվածքի պատճառը»,- գրված է հաղորդագրության մեջ։ Այս գործում առկա կամայականությունների առատությունը, ներառյալ Նարեկ Հարությունյանի կալանքի իրականացումը, լկտի կերպով մատնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության չգործող համակարգի սնանկ էությունը և ենթակայությունը վերևից թելադրվող հրահանգներին :
Սփյուռքի, որպես «կթան կովի» պատկերացումը պետք է փոխարինվի նրա, որպես նոր Հայաստանի գործուն շինարարի և մարտիկի պատկերով: Անհրաժեշտ է ոչ միայն զրկել կեղեքիչներին սփյուռքի նյութական ու բարոյական աջակցությունից, այլև ուղղել սփյուռքի տնտեսական ներուժը և բարեգործական մասնակցությունը դեպի Հայաստանի և Սփուռքի առողջ ուժերի միացյալ դիմադրություն, անհնազանդություն ու պայքար` ինչպես այս մասնավոր գործի պարագայում, այնպես և քրեա-օլիգարխիկ համակարգի լիակատար կազմաքանդումը ապահովելու նպատակով. «Նարեգ Հարթունյանիի գործը վերջին կաթիլը պետք է դառնա Սփյուռքի առողջ ուժերի համբերության բաժակում: Մնացածը կանի Հայաստանի քաղաքացիական հասարակությունը»։





