1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում իրականացված ահաբեկչության վեց մասնակից դատապարտվել են ցմահ բանտարկության: Երեւանի առաջին ատյանի դատարանն այսօր հրապարակել է այսպես կոչված «հոկտեմբերի 27» գործի վերաբերյալ դատավճիռը: Ցմահ բանտարկության են դատապարտվել Նաիրի եւ Կարեն Հունանյանները, նրանց քեռի` Վռամ Գալստյանը, Էդուարդ Գրիգորյանը, Դերենիկ Բեջանյանը եւ Աշոտ Կնյազյանը: Եվս մեկ մեղադրյալ` Համլետ Ստեփանյանը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Բոլորն էլ մեղավոր են ճանաչվել Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, որոնցից ծանրագույներն են` դավաճանություն հայրենիքին, առավել վտանգավոր պետական հանցագործությունների իրագործում: Նշենք, որ Հայաստանում մահապատիժը վերջերս վերացնելուց հետո դա համարվում է գերագույն պատժամիջոց: Համաձայն հանրապետության օրենսդրության, առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել զինվորական եւ քրեական գործերի վճռաբեկ դատարանում 15 օրվա ընթացքում: Դատավարման ընթացքում դատապարտյալները չեն զղջացել իրենց կատարածի համար: Հրոսակախմբի ղեկավար Նաիրի Հունանյանը բացատրել է խմբի գործողությունները` Վազգեն Սարգսյանի վարչապետության օրոք տիրող կաշառակերությունից եւ երկրի փլուզումից Հայաստանը փրկելու ձգտումով: Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի խորհրդարան, գնդակահարել են հայկական խորհրդարանի եւ կառավարության մի շարք ղեկավարների եւ անդամների: Զոհվել է ութ մարդ` Ազգային ժողովի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, ՄիքայելՔոթանյանը:





