AM
2 Դեկտեմբեր 2003 - 14:06 AMT

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նախօրեին Մաաստռրիխտում հանդիպել է Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեի հետ: Կողմերը քննարկել են Վրաստանում տիրող իրավիճակը եւ հետագա զարգացումների ընթացքը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ եւ տարածաշրջանային խնդիրներ: Այդ հարցերի թվում քննարկվել է նաեւ տրանսպորտի եւ բեռնափոխադրումների անխափան կազմակերպման հարցը: Վ. Օսկանյանը կրկին հայտնել է Հայաստանի շահագրգռվածությունը` Վրաստանում շուտափույթ կերպով կայունությունը վերականգնելու եւ նոր իշխանությունների ձեւավորումից հետո երկկողմ համագործակցության զարգացման պատրաստակամության առումով: Մաաստրիխտում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպումներ է ունեցել նաեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Յան Կուբիկի եւ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Ջորջ Իակովուի հետ: