AM
19 Դեկտեմբեր 2011 - 07:01 AMT

Ցեղասպանության ժխտման մասին բանաձևի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերով է սպառնում

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն Ֆրանսիային սպառնացել է պատասխան միջոցներ ձեռնարկել, եթե ֆրանսիական սենատը հավանություն տա Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևին, հաղորդում է CNN Turk-ը:

«Ֆրանսիայում այդ օրինագծի ընդունման դեպքում Թուրքիան պատասխան քայլերի կդիմի և խորհրդարանի դիտարկմանը կառաջադրի օրինագիծ 1945թ. Ալժիրում Ֆրանսիայի գործած ցեղասպանության ճանաչման մասին, որի ժամանակ 45 000 տեղացի բնակիչներ են զոհվել»,- հայտնել է Ահմեդ Դավութօղլուն:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը կդիտարկվի Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Բանաձևը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ եվրոյի չափով տուգանք: Այս կապակցությամբ Թուրքիան սպառնացել է հետ կանչել դեսպանին Փարիզից, եթե Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն տա այդ օրենքին: