«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հյուրերին ու անձնակազմին այսօր ժամը 12-ին սթափեցրեց շչակը. հյուրանոցում հրդեհ էր բռնկվել։ Սակայն, բարեբախտաբար, հրդեհն իրական չէր, այլ հյուրանոցում տարեց տարի անցկացվող ապահովության ու անվտանգության վարժանքի մի մասն էր կազմում։
Հրդեհային վարժանքին մասնակցում էին հյուրանոցի բոլոր բաժինները, որպեսզի հյուրանոցի յուրաքանչյուր աշխատակից նախապատրաստված լինի վթարային իրադրությանը։ Ըստ մտահղացման, այրվում էին հյուրանոցի 7-րդ հարկում գտնվող 2 սենյակները՝ 190 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։
«Հրշեջ-փրկարարների առաջնային նպատակն է մարդկային կյանքեր փրկելը։ 7-րդ հարկի ծխապատ գոտում մնացած մարդուն հաջողությամբ դուրս բերեցինք շարժական սանդուխքի միջոցով։ Այժմ կատարվում են հրդեհաշիջման աշխատանքներ»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում բեմադրված իրավիճակը ներկայացրեց Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի պետ գնդապետ Արթուր Ոսկանյանը։
«Մենք յուրաքանչյուր տարի կազմակերպում ենք նման տեսանելի վարժանք։ Բացի այդ ունենում ենք բացատրական վարժանքներ մեր անձնակազմի հետ, և դրանք վերաբերում են ոչ միայն հրդեհներին, այլև երկրաշարժերին, ռումբերին և այլն»,- ասաց հյուրանոցի վաճառքների և մարքեթինգի բաժնի ղեկավար, տնօրեն Զոլտան Կոշանսկին։





