AM
19 Դեկտեմբեր 2011 - 13:27 AMT

Ավանը, Դավթաշենն ու Քանաքեռ-Զեյթունը Երևանի լավագույն համայնքներն են

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում այսօր ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների նոյեմբեր ամսվա ընթացքում` ըստ ոլորտների կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Քաղաքապետարանից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Ավան, Դավթաշեն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարներին անցած 11 ամիսների գնահատման արդյունքներով առաջին երեք տեղերը զբաղեցնելու համար, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ հաջորդ տարեսկզբից կիսամյակային կտրվածքով լավագույն արդյունքներ ցուցաբերած վարչական շրջանների և նրանց աշխատակազմերի համար խրախուսման մեխանիզմներ կկիրառվեն, ինչը մրցակցային առողջ պայմաններ կապահովի նաև մյուսների համար:

«Վստահ եմ, որ այս ուղղությամբ հաջորդ տարի ավելի լավ պատկեր կունենանք, ինչի համար քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը պետք է աշխատեն ավելի արդյունավետ, Երևանին և երևանցիներին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ լինեն սրտացավ ու հետևողական» ,-նշել է Տարոն Մարգարյանը` հավելելով, որ աշխատանքի վերլուծությունն ու գնահատումը լավ նախադրյալներ են ապահովում խնդիրները հասկանալու, լուծումներ գտնելու և դրա արդյունքում համաչափ զարգացում ապահովելու համար: