ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Նախարարությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին արդյունավետ համագործակցության համար, դեսպան Իոաննիս Կորինթիոսը նշել է սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը Սփյուռքի հայ համայնքների, մասնավորապես` Հունաստանի հայ համայնքի համար: Դեսպանն ընդգծել է նաև Հունաստանի հայ համայնքի ընդգրկվածությունը և կարևոր դերակատարությունը երկրի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում:
Հրանուշ Հակոբյանը, բարձր գնահատելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները, շնորհակալություն է հայտնել Իոաննիս Կորինթիոսին համագործակցության, մասնավորապես` ՀՀ սփյուռքի նախարարության կողմից Սփյուռքի հետ աշխատելու Հունաստանի փորձի ուսումնասիրության գործում աջակցության, ինչպես նաև «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովի ընթացքում ակտիվ գործակցության համար:





