23-ից 30 տարեկան տղամարդ, 35-40 տարեկան կին, 50-60 տարեկան տղամարդ… Կիևյան կամ Դավթաշենի կամուրջ… և փրկարարները մեկ-երկու օր անց գետից դուրս են բերում անձը չպարզված տղամարդու կամ կնոջ դիակ։ Իսկ մենք լուռ գրում ենք այդ մասին, լուռ կարդում, երբեմն «ախ քաշում», ավելի հաճախ՝ մնում անտարբեր, չէ՞ որ ոչ անուն կա, ոչ բարեկամների սրտաճմլիկ ու ողբերգական խոսքեր, ոչ էլ ցավ…
Մարդիկ կամուրջից նետվում են գիշերը, ցերեկը, օրվա ամենաբանուկ ժամերին՝ հարյուրավոր անցորդների աչքի առջև, բայց մենք մնում ենք անտարբեր։ Տեսնում ենք կամուրջի բազրիքին հենված, մտախոհ երիտասարդին և… և ոչինչ… շարունակում ենք մեր ճանապարհը, հետո լուրերով լսում ինքնասպանության հերթական դեպքի մասին և երբեք ոչ մեկին չենք ասում, որ դեպքի լուռ ու անտարբեր վկան ենք եղել։
Իսկ նորմալ քաղաքակիրթ երկրներում նորմալ քաղաքակիրթ երկրների քաղաքացիները նման բան նկատելիս միանգամից ահազանգում են համապատասխան գերատեսչություններին, վերջիններս էլ շատ արագ արձագանքում են ու հաճախ կանխում ողբերգությունը։ Համաձայնեք՝ ինքնասպանությունները մեկ վայրկյանում չեն տեղի ունենում, և ինչ-որ բան շտկելու ժամանակ գրեթե միշտ լինում է։
Տարբեր երկրներում ընդունված մեկ այլ տարբերակ էլ կա՝ կամուրջների տակ մեծ շառավիղով ցանցեր անցկացնելը, որ այդ ճանապարհով ինքնասպանություն գործելը դառնա գրեթե անհնար։ Վերջերս նման մի առաջարկ եղել էր Հայաստանում, սակայն Երևանի քաղաքապետարանում հարցը կարծես թե չի էլ քննարկվել, իսկ տեղեկատվական վարչությունից PanARMENIAN.Net-ին ասացին, որ «Երևանի պայմաններում դա պրակտիկորեն անհնար է»։ «Ինչո՞ւ» հարցը խնդրեցին ուղղել գրավոր, սակայն հաշվի առնելով, որ առջևում տոներ են, պատասխանը հավանաբար կիմանանք միայն հաջորդ տարի։





