AM
20 Նոյեմբեր 2003 - 14:07 AMT

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵԱՀԿ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետագա զարգացման մասին հնարավոր կլինի խոսել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հակամարտության տարածաշրջան առաջիկա այցելությունից հետո: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին է հայտարարել Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Ընդ որում նա չի բացառել միջնորդների կողմից ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ նոր առաջարկությունների ներկայացման հնարավորությունը: Միաժամանակ նախարարը ընդգծել է, որ Հայաստանը մտադիր է ձեռնամուխ լինել բանակցային գործընթացին` հիմնվելով մի շարք կարեւորագույն սկզբունքների վրա, որոնք ժամանակին հնչեցրել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ս.Սարգսյանը հիշեցրել է, որ այդ սկզբունքները, մասնավորապես, ենթադրում են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող գտնվել Ադրբեջանի անմիջական ենթակայության տակ, ԼՂՀ-ն այլեւս չի կարող գոյություն ունենալ անկլավային վիճակում եւ պետք է անմիջական ցամաքային սահման ունենա Հայաստանի հետ, ինչպես նաեւ անհրաժեշտ են ԼՂՀ անվտանգության լուրջ երաշխիքներ: Հիշեցնենք, որ «մինսկի» միջնորդների այցը տարածաշրջան ակնկալվում է դեկտեմբերի առաջին տասնօրյակում: