AM
18 Հունվար 2012 - 11:49 AMT

ԿԳ նախարարը տեղյակ է Շևչենկոյի անվան և մյուս ավագ դպրոցների շենքային խնդիրների մասին

Ավագ դպրոցների համակարգում դեռ կան խնդիրներ, և այդ խնդիրների լուծման համար 1-2 տարին բավարար չէ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Մենք արդեն ունենք 107 առանձնացված ավագ դպրոց, բավականին հաջողված դասագրքեր, ուսումնական ծրագրեր, վերապատրաստված ուսուցիչներ»։

Նախարարը որպես համակարգի առաջնային խնդիրներ նշեց նյութագույքային ու շենքային վատ պայմանները՝ որպես օրինակ բերելով Շևչենկոյի անվան դպրոցը, մարզային մի շարք դպրոցներ. «Խնդրի լուծման համար այս տարի ունենք շուրջ 20 ավագ դպրոցների բարեկարգման, վերակառուցման մեծ ծրագիր։ Ավագ դպրոցները հետադարձ ճանապարհ չունեն։ Կրթության ոլորտի բոլոր լավագույն մասնագետները նշում են՝ ավագ դպրոցների համակարգին այլընտրանք չկա»։

Աշոտյանը նշեց, որ շատ քիչ ոչ ավանդական եվրոպական երկրներ են դիմել ռիսկի և առանձնացրել ավագ դպրոցները միայն մեկ պատճառով՝ հասարակական կարծիքի։ «Հարևան բազմաթիվ երկրների նախարարները նախանձից պայթում են, որ իմանում են մենք այս քայլն արել ենք, քանի որ այն հասարակական կարծիքի տեսակետից ոչ պոպուլյար ռեֆորմ է։ Արել ենք, մի քիչ էլ զոհաբերելով և իմ անձնական վարկանիշը, և զիջումների գնալով, բայց գլխավորն արդեն արել ենք, մնացածն ավելի արագ ու լավ ենք անելու»,- ասաց ԿԳ նախարարը։

Իր խոսքում բանախոսը նաև տեղեկացրեց, որ այս տարի կմշակվի և արդեն հաջորդ տարի կներդրվի դպրոցների ու բուհերի վարկանիշավորման համակարգ, որը կլինի ուղենիշ ապագա մասնագիտական կողմնորոշման համար, ինչպես նաև կապահովի ուսումնական հաստատությունների գործունեության թափանցիկությունը։