AM
10 Նոյեմբեր 2003 - 17:51 AMT

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԻ ԲԱՐՁՐ ՏԵՄՊԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԵՆ ԱՌՆՎԱԶՆ 10 ՏԱՐԻ

Առկա սոցիալական խնդիրները հաղթահարելու համար Հայաստանին անհրաժեշտ է ապահովել երկարաժամկետ բարձր տնտեսական աճ` առնվազն մոտակա 10 տարիների ընթացքում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Արժութային միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Հորստ Քյոլերը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, զրույցի ընթացքում Տ.Սարգսյանը նշել է, որ Հայաստանում իրագործված տնտեսական բարեփոխումների առաջին փուլի նպատակն էր` մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության ապահովումը: «Հիմա սկսել ենք բարեփոխումների հաջորդ փուլը, որը ենթադրում է ֆինանսական հատվածի ընդլայնմանն ուղղված գործողություններ` մասնավորապես, վարկային կազմակերպությունների եւ հիփոթեքային վարկավորման հնարավորությունների ստեղծում», – նշել է ՀՀ ԿԲ նախագահը: