AM
25 Հունվար 2012 - 11:37 AMT

Մայր Աթոռը հրատարակել է «Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել Արշակ Մադոյանի «Ամենեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկը և Արարատ քահանա Պողոսյանի պատրաստած «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի մատենագիտությունը. «Էջմիածին» ամսագիր, 1970-2010» գիրքը:

Մայր Աթոռից հայտնում են, որ «Ամենաեքեան որ սուր առնուցուն` սրով անկցին» գրքույկն ամփոփում է 4-21-րդ դարերին վերաբերող ռազմահայրենասիրական մանրապատումներ, որոնք արտացոլում են հայ իրականության մեջ հայրենիք և Եկեղեցի հասկացությունների սերտ միությունը: Այստեղ բացահայտվում է հայի այն ըմբռնումը, որ եթե մեկը սուր է բարձրացնում իր կրոնի ու Եկեղեցու դեմ, ուստի վտանգված է նաև ազգը, հայրենիքը և մայրենի լեզուն, ինչպես նաև արտահայտված է հայի` իր սրբազան արժեքների համար թշնամու դեմ պայքարելու ոգեկան արիությունը: Գիրքը նվիրված է Հայոց բանակի 20-ամյա հոբելյանին:

Երկրորդ գիրքը պարունակում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին վերաբերող «Էջմիածին» ամսագրում առկա նյութերի` մասնավորապես նրա հովվական և հովվապետական այցելությունների, տարբեր եկեղեցիներում մատուցած Պատարագների, Մայր Աթոռ ժամանած զանազան հյուրերի, քաղաքական և մշակութային գործիչների հետ հանդիպումների, հայրապետական քարոզների, կոնդակների, ողջունագրերի, հեռագրերի, մահախոսականների, վճիռների, այլ եկեղեցիների հոգևոր պետերի հետ փոխանակած ողջույնի հեռագրերի ու գրությունների առանձին մատենագիտությունը: Երկու գրքերն էլ տպագրվել են Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ: