Ազգային անվտանգության (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վալենտին Սոբոլևի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախորդ տարեվերջին ՀՀ և ՌԴ անվտանգության խորհուրդների միջև ստորագրված համագործակցության 2012-2013թթ. ծրագրում ներառված հարցերի լայն շրջանակ:
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները ըստ սահմանված ժամանակացույցի արդյունավետորեն իրականացվում են և այս համատեքստում կարևորել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի` Հայաստան կատարելիք առաջիկա այցը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացմանը` այդ թվում սահմանային անցակետերի արդիականացման և վերազինման, ինչպես նաև սահմանապահների վերապատրաստման համատեղ ուսումնական կենտրոնի ստեղծմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև արտակարգ իրավիճակների ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, ռազմարդյուանբերության ոլորտում համագործակցության ընթացքին վերաբերող այլ հարցերի, ինչպես նաև քննարկվել է ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնների ստեղծման նախաձեռնությունը:
Վալենտին Սոբոլևն ընդգծել է երկու երկրների անվտանգության խորհուրդների միջև համագործակցության բարձր մակարդակը և վստահություն հայտնել, որ բոլոր միջոցառումները լիարժեք կյանքի կկոչվեն` համագործակցության ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն:





