«Թեղուտ» ՓԲԸ տարածքում կան շատ հուշարձաններ, որոնց մի մասը ոչնչացվելու է կամ մնալու է պոչամբարի տակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Թեղուտի հնագիտական արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը` նշելով, որ իրականում քանի դամբարան կամ հուշարձան կա տարածքում, ոչ ոք ասել չի կարող:
«Դա Հայաստանի ամենաբարեբեր հատվածներից մեկն է, և մարդու կողմից օգտագործվել է շատ վաղ շրջանից: Արդեն իսկ հայտնաբերվել է 5000 տարվա վաղեմության երեք հուշարձան: Դա Կուր-Արաքսյան մշակութային շերտն է: Պեղումները նոր են սկսվել, դրանք պետք է ծավալվեն, որ կարողանանք գիտական եզրակացությոններ անել, գնահատականներ տալ»,- ասաց բանախոսը:
Նա նշեց, որ Դուքանաձորի տարածքում պեղվել է միջնադարյան ձուլարան, որտեղ օգտագործել են նույն հանքը: Ձուլարանից պահպանվել էր շատ քիչ բան` 1/5-րդ մասը հալված մետաղի հետքերով,սակայն այդ մի փոքր հատվածն էլ արդեն ոչնչացված է: Բուն պոչամբարի տարածքում պեղվել է վաղ բրոնզեդարյան բնակավայրի մի հատված` 17,5 մետր երկարությամբ պատ, որը թվագրվում է մոտավորապես մ.թ.ա. 2800-ականներով, որը մնալու է պոչամբարի տակ:
Հնագետը նշեց, որ իրենց խնդիրը հուշարձանը պեղելն ու դրա մասին համապատասխան կառույցներին տեղյակ պահելն է, իսկ պահպանությամբ պետք է զբաղվեն Հուշարձանների պահպանության գործակալությունն ու մշակույթի նախարարությունը. «Իրենք պետքէ որոշեն ինչ անել` տեղափոխել, պահպանել, կոնսերվացնել, արգելել: Մեր խնդիրը հուշարձանի հայտնաբերումն է»: Թռչկան քաղաքացիական նախաձեռնության անդամ, բնապահպան – ակտիվիստ Ապրես Զոհրաբյանի կարծիքով պեղված հուշարձանները պետք է ոչ թե ոչնչացնել, այլ օգտագործել զբոսաշրջության զարգացման համար. «Հենց զբոսաշրջությունը կարող է հանդիսանալ ոչ հանքարդյունաբերական տնտեսության զարգացման տարբերակներից մեկը: Ոչնչացնում ենք ոչ միայն պատմության կենդանի հիշողությունը, այլև դրա վրա գումար աշխատելու հնարավորությունը»:





