Եթե Հայաստանում պատերազմ սկսվի, այսօրվա երիտասարդը կգնա այդ պատերազմին, գտնում են Արցախյան ազատամարտի մասնակիցները:
Ազատամարտիկ վավերագիր-օպերատոր Հակոբ Պողոսյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ թափթփուկներ բոլոր տեղերում, բոլոր ժամանակներում էլ կան: Նա համոզված է, որ պետք են միայն գաղափարներ: «Սերիալները ստեղծագործական աշխատանքներ են, դրանց մեջ բանակի քարոզչություն չկա: Ճիշտ չէ ներկայացվում հայրենիքի նվիրյալ զինվորի կերպարը: Այդ կերպարը պետք է կրթի և դաստիարակի»,- մասնավորեցրեց բանախոսը: Նա նաև նշեց, որ զինվորը պետք է իր ձեռքի տակ ունենա ոգի և շունչ տվող գրականություն:
«Արաբո» ջոկատի ազատամարտիկ վավերագիր-օպերատոր Ռուբեն Հովհաննիսյանն էլ իր հերթին նշեց, որ տեսնելով այսօրվա 18 տարեկաններին, նրանց զորավարժությունները, պատրաստվածությունը, հիանում է: «Մենք պատերազմի դաշտում ենք սովորել կրակել: Այսօր ունենք մասնագեներ, ովքեր պրոֆեսիոնալ են: Նրանք էլ կկռվեն, պարզապես հայրենասիրական քարոզչություն է պետք», հավելեց նա:
Ազատամարտիկ-գրող Հովիկ Վարդումյանը համամիտ լինելով մյուս բանախոսների հետ, մասնավորեցրեց, որ հիացած է ներկայիս երիտասարդներով: Նրա խոսքով պատերազմը խենթերի համար է, և այդպիսի խենթեր շատ են: Ըստ բանախոսի, պետք է նկարահանել իրական հերոսների մասին ֆիլմեր, հեռուստատեսությունը պետք է պրոպագանդի բանակը, ոչ թե ցույց տա երիտասարդի, ով հայտարարում է, որ չի ուզում ծառայել:





