ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը մեկնաբանել է ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի հայտարարությունը, ով անուղղակիորեն ասել է, որ ՀՀԿ-ն ճնշում է գործադրում ԲՀԿ վրա:
«Ես, անկեղծ ասած չգիտեմ, թե որտեղ է իմ հարգարժան գործընկերը ճնշում տեսել, սակայն ՀՀԿ-ն ոչ ցանկություն, ոչ էլ անհրաժեշտություն ունի որևէ մեկի վրա ճնշում գործադրելու»,-նշել է Արտակ Զաքարյանը:
Պատգամավորը անդրադարձել է ՀՀԿ և կոալիցիոն կուսակցությունների հարաբերություններին, ընդգծելով, որ «վերջին տարիներին արդեն երրորդ անգամ հայտնվում ենք կոալիցիոն գործընթացներում, սակայն պատասխանատու պահերին ՀՀԿ-ն միշտ մնում է մենակ»:
Հունվարի 27 Երևանում կայացած մամուլի ասուլիսում պատասխանելով այն հարցին, կա արդյոք ճնշում ԲՀԿ վրա, այդ կուսակցության անդամը` Վարդան Բոստանջյանը, պատասխանել է. «Դա դժվար է նկատել, քանի որ մոտ մեկ միլիոն քանակությամբ մարդ հավատում է «Բարգավաճ Հայաստանին», և 20 կամ 400 մարդը նման դեպքերում որոշիչ դեր չեն խաղում: Սակայն պարզ է, որ եթե շատերն են խոսում ԲՀԿ վրա ճնշման մասին, դա, ամենայն հավանականությամբ, այդպես էլ կա: Սակայն դա ինձ համար անհասկանալի է»:





