Նախկին Խորհրդային Միության 8 հանրապետությունների հետ առեւտրի վերաբերյալ ԱՄՆ օրենքին կից Ջեկսոն-Վենիկի ուղղումը պետք է հանվի սեպտեմբերին: Այդ մասին «Իզվեստյա» թերթին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի անդամ Կուրտ Ուէլդոնը: Նշենք, որ տվյալ ուղղումը առեւտրի սահմանափակում է նախատեսում այդ արդեն ԱՊՀ երկրների, այդ թվում նաեւ Հայաստանի նկատմամբ: Պատժամիջոցները, որոնք մտցվել էին 1974 թվականին կոնգրեսականներ Ջեկսոնի եւ Վենիկի նախաձեռնությամբ Խորհրդային Միության դեմ` հրեաների միգրացիային խոչընդոտելու պատճառով, ԽՍՀՄ փլուզումից հետո տարածվել էին ԱՊՀ երկրների վրա: Դեռեւս մեկ տարի առաջ նախագահ Բուշը դիմել էր Կոնգրեսին` խնդրելով հանել այդ արդեն իմաստը կորցրած ուղղումը: Սակայն Կոնգրեսում գտնվեցին մարդիկ, որոնք կապեցին դա «ամերիկյան հավի բուդիկների» մատակարարման վրա ռուսաստանյան իշխանությունների կողմից արգելք դնելու հետ: Կուրտ Ուէլդոնի խոսքերով` այդ ուղղման դեմ այսօր հանդես են գալիս հայտնի շատ օրենսդիրներ, որոնց համար դա դարձել է սկզբունք: «Միեւնույն ժամանակ, ես փորձում եմ բացատրել Կոնգրեսի իմ գործընկերներին, որ պահանջելով վերացնել ուղղումը, մենք պաշտպանում ենք ամերիկյան բիզնեցի շահերը»,- ասել է կոնգրեսականը:





