ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչին:
ԿԳՆ-ից հայտնում են, որ Արմեն Աշոտյանը կարևորել է մեր երկրում Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող կրթական ծրագրերը, մասնավորապես, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության ոլորտում: Ներկայացնելով մեր երկրում ընթացող կրթական բարեփոխումները՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը 2012-15-թթ ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և միաժամանակ առաջարկել Բրիտանական խորհրդին ակտիվ մասնակցություն ունենալ այս աշխատանքներում: Նախարարը կարևորել է նաև երկկողմ համագործակցության նոր ծրագրերի մշակումը՝ ավագ դպրոցներում անգլերենի խորացված ուսուցման նպատակով:
Դեսպան տիկին Քեթրին Ջեյն Լիչը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ բրիտանական կողմը պատրաստակամ է շարունակել իրականացվող ծրագրերը, ինչպես նաև քննարկել համատեղ նոր նախագծերի իրականացման հետ կապված հարցերը:





