«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգում է՝ Հայաստանի իշխանությունները չեն գիտակցում Վայոց Ձորի և Նախիջևանի սահմանի վերաբնակեցման կարևորությունը:
«Ցավոք, հայրենի իշխանությունները մեր երկրի համար հույժ կարևոր խնդիրները լուծելու փոխարեն զբաղված են սեփական ընտանիքների համար հարստություն դիզելով: Անխոհեմ քաղաքականությունը խորացնում է մեր երկրի համար պատուհասի վերածվող խնդիրները: Դրանցից մեկը Հայաստան-Նախիջևան սահմանի ամայի վիճակն է»,- գրում են նախաձեռնության անդամները:
1924թ. Շարուրը և Նախիջևանը փաստացի բռնակցվեցին խորհրդային Ադրբեջանին: Հետագա տարիներին Հայաստանի կոմունիստական վարչակազմի կողմից սկսվեց Հայաստանի` Նախիջևանի հարակից տարածքների հայաթափումը: Ազատված տարածքները հնարավորինս բնակեցվում էին ադրբեջանցիներով կամ տրվում նրանց որպես արոտավայր: Այլևայլ հնարովի պատճառներով և նույնիսկ ուժային միջոցների կիրառմամբ 50-ական թթ. դատարկվեց ավելի քան 20 գյուղ: Ներկայումս ունենք մերկացած սահման:
«Ամենազարմանալին այն է, որ անկախության ընթացքում որևէ կերպ չվերանայվեց կենսականորեն սուր այս խնդիրը` շարունակելով մատնվել լռության…»,- նշվում է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:





