«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը որոշել է դիմել Եվրոպական դատարան, քանի որ տեղական արդարադատության վրա հույս դնել չի կարող. « Այստեղ դատական համակարգը սերտ կապ ունի ոստիկանության հետ»:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Գևորգյանը նշել է, որ կոնկրետ նպատակակետ չունի և ամենակարևորը իր բարի համբավը վերականգնելն է: «Որևէ տրամաբանություն չեմ տեսնում այս ոստիկանության պլանի, գործողությունների մեջ: Ես հետամուտ եմ լինելու, որ պլանավորողից մինչև իրականացնող բացահայտվեն»,- ասաց նա:
Նա նշեց, որ պլանի ոչ տրամաբանական լինելու մասին է փաստում նաև այն, որ գործը հարուցվել է հունվարի 20-ին, իսկ իրեն հարցաքննության էին կանչել հունվարի 17-ին:
Հայկ Գևորգյանը խոսեց նաև հունվարի 13-ին տեղի ունեցած բուն պատահարի մասին՝ նշելով. «Հաստատ համոզված եմ, որ ոչ մի կերպ այդ մարդուն չեմ կպել, նույնիսկ քերծվածքի աստիճանի»:





