Panarmenian Expo-2003 ցուցահանդեսի մասնակիցների ճնշող մեծամասնությունը ձեռք են բերել գործընկերներ եւ արդեն նախնական բանակցություններ են վարում նրանց հետ համագործակցության մասին: Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը` ամփոփելով «Հայաստան-Սփյուռք» առաջին տնտեսական համաժողովի շրջանակներում սեպտեմբերի 12-15-ը Երեւանում կայացած Panarmenian Expo-2003 ցուցահանդեսի արդյունքները: Արտասահմանյան գործընկերների հետ համաձայնագրեր կնքած ընկերությունների թվում նա, մասնավորապես, նշեց Կոնվերս Բանկը եւ «Masis Tobacco» ընկերությունը: Հիշեցնենք, որ ցուցահանդեսին մասնակցել են Ուկրաինայի, Եգիպտոսի, Իրանի, Բելառուսի եւ 160 հայկական ընկերություններ, որոնք մասնագիտացված են շինարարության, արդյունաբերության, առողջապահության, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի, սննդարդյունաբերության եւ այլ ոլորտներում:





