Նախօրեի երեկոյան Գեղարքունիքի մարզի Ձոլաքար գյուղում սարսափելի դեպք է տեղի ունեցել: «Հայկական ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ երկուսուկեսամյա Էդգար Ստեփանյանը բազկաթոռի թիկնակի վրայից գլխիվայր ընկել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել:
Ձոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ տեղի ունեցածը պատահականություն է եղել.
«Փորձանք էր, որ եկավ խեղճ մարդկանց վրա: Նրանք մեծ ընտանիք են: Բացի տղայից, չորս տարեկան աղջիկ ունեն, ընտանիքում հայրն է, մայրը, տատն ու պապը: Դեպքն ուղղակի պատահականություն է եղել, եթե չեմ սխալվում, ընտանիքի անդամներն այդ ժամանակ տանն են եղել»: Տեղի ունեցածի կապակցությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:





