AM
11 Փետրվար 2012 - 11:43 AMT

«Մենք ենք այս քաղաքի տերը». «Հին Երևան» նախագիծը խեղաթյուրում է Գլխավոր պողոտայի գաղափարը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը բաց նամակ է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք արտահայտում են իրենց մտահոգությունը և բողոքը Գլխավոր պողոտայի պուրակի տարածքում ներկայումս իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

Նրանք արտահայտում են իրենց վրդովմունքը և անհամաձայնությունը Գլխավոր պողոտայի բարեկարգման ցուցանակի տակ իրականացվող պուրակի փաստացի ավերման դեմ և խնդրում են միջամտել ստեղծված իրավիճակին՝ զբոսայգու ավերումը դադարեցնելու համար: «Խնդրում ենք ստեղծել մասնագիտական հանձնաժողով և վերանայել Գլխավոր պողոտայի տարածքում կառուցապատման և բարեկարգման աշխատանքների նախագիծը, որի ներկայիս տարբերակի հետագա իրագործումը անվերականգնելի վնաս է հասցնում Երևան քաղաքի կենտրոնի կանաչ դիմագծին:ՀՀ գործող օրենսդությամբ սահմանված կարգի համաձայն, հարկ ենք համարում պահանջել Գլխավոր պողոտայի բոլոր վերակառուցման աշխատանքների վերաբերյալ պարտադիր հանրային լսումների անցկացումը:Մինչև հարցի լուծումը, անհրաժեշտ ենք գտնում պահանջել դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները զբոսայգու տարածքում, իսկ վերակառուցման նոր ծրագրում նախատեսել ոչնչացված կանաչ տարածքների և շատրվանների վերականգնումը:

Բացի այդ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ «Հին Երևան» նախագծի շրջանակներում մշակված պատմամշակութային արժեք ներկայացնող քանդված շինությունների՝ Արամի-Կողբացու-Բյուզանդ-Աբովյան հատվածում տեղակայելու նախագիծը վերջնականապես անիրագործելի կդարձնի Ալ. Թամանյանի կողմից նախատեսված Գլխավոր պողոտայի պուրակի հետագա շարունակությունը՝ մինչև Աբովյան փողոց: Դրական գնահատելով «Հին Երևան» նախագծի գաղափարը, այնուամենայնիվ, ակնհայտ ենք համարում, որ այդ նախագծի իրագործումը վերոնշյալ տարածքում խեղաթյուրում է Ալ. Թամանյանի հատակագիծը և Գլխավոր պողոտայի գաղափարը, ուստի այդ տարածքում կապիտալ շինարարություն իրականացնելու հարցը նույնպես անթույլատրելի է լուծել առանց լայնածավալ մասնագիտական և հանրային քննարկումների», նշված է նամակի մեջ: