Հայաստանի Ազգային Ժողովն այսօր վավերացրել է Վրաստանի հետ «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին» միջպետական պայմանագիրը: Հայաստանի փոխարտգործնախարար Թաթուլ Մարքարյանի խոսքերով, 2001 թվականի հոկտեմբերին Երեւանում ստորագրված փաստաթղթի համաձայն, կողմերը հայտարարում են տարածաշրջանում առկա հակամարտությունների խաղաաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամության մասին: Նրանք նաեւ պարտավորվում են չձեռնարկել մյուս կողմի դեմ ուղղված միջոցներ, եւ թույլ չտալ ձեւավորել իր տարածքում խմբեր եւ կազմակերպություններ, որոնք վտանգ են ներկայացնում հարեւան երկրի համար: Պայմանագրով նախատեսվում են առանձին դրույթներ գիտական, գիտա-տեխնիկական, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության մասին:





