AM
16 Փետրվար 2012 - 09:32 AMT

Շուշիում կառուցվում է արհեստագործական ուսումնարան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան: Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով և կկրի ֆրանսահայ բարերարի անունը:

Հիմնադրամից հայտնում են, որ երկհարկանի նորակառույց ուսումնարանը (ընդհանուրը` 4050քմ մակերես) նախատեսված է 225 ուսանողի համար: Ուսումնարանը կունենա հանրակրթական առարկաների և արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները:

«Ուսումնարանը նախագծվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով` հիմնվելով Հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի մասնագիտական հանաձնաժողովի առաջարկությունների վրա», -ասել է Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ Ռոբերտ Այդաբինյանը, ով նաև ծրագրի գլխավոր համակարգողն է:

Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի սաները ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, ներկարարի, տանիքագործի, սալիկապատողի, սանտեխնիկի, էլեկտրիկի մասնագիտություններ և կհամալրեն տեղի աշխատանքային շուկան, որտեղ վերոհիշյալ մասնագետների մեծ պակաս կա:

«Ուսումնարանը կունենա ննջարանային մասնաշենք և կկարողանա իր հարկի տակ ընդունել նաև Արցախի և Հայաստանի մարզերից եկած ուսանողների: Այն կունենա տարածաշրջանում իր տեսակի մեջ ամենաառաջատար կրթօջախը դառնալու բոլոր նախապայմանները», – նշել է «Հայաստան» Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի ատենապետ Պետրոս Թերզյանը: