AM
17 Փետրվար 2012 - 09:45 AMT

Ոստիկանության փոխգնդապետ. Եթե քանդման որոշում լինի, մենք կկանգնենք ձեր կողքին և կպահանջենք քանդել

Քիչ առաջ Երևանի Մաշտոցի պողոտայի այգում բնապահպան-ակտիվիստների հետ խոսել է Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Նա նշել է. «Եթե քանդման որոշում լինի, մենք կկանգնենք ձեր կողքին և կպահանջենք քանդել, բայց հիմա կա որոշում կառուցման մասին, և մենք՝ որպես օրենքի ներկայացուցիչներ ու պաշտպաններ, հետևում ենք, որ շինարարությունը բնականոն ընթանա»:

Նա նշել է, որ հարգում է քաղաքապետին, քաղաքապետարանի աշխատակազմին, բայց «մեր իրավասություններից դուրս է ասել՝ որ ծառից որքան հեռու պետք է լինի տաղավարը, շինարարության նորմեր որոշելը»:

«Օրենքի ուժով, երբ կգա ժամանակը ու մենք կունենանք փաթեթը, որ ապօրինություն է կատարվել, բոլորս միասին կարգելենք այս շինարարությունն ու կհետևենք, որ քանդեն: Ես չեմ կարող հիմա այս ամենը կանխել, անգամ եթե պարզվի, որ ապօրինի է, քանի որ կա քաղաքապետի միջամտությունը… եկեք օրենքով առաջնորդվենք ու սպասենք քաղաքապետի ու ոստիկանապետի պատասխանին, որոնք խոստացել են արագ արձագանքել…»,- ընդգծել է նա: