AM
21 Փետրվար 2012 - 12:06 AMT

Ռուբեն Սաքապետոյան. Հեռուստաեթերում ամենից շատ առկա են արտասանական, ուղղախոսական շեղումներ

Այսօր Երևանի Պետական համալսարանում մեկնարկել է «Հեռուստատեսությունը և հասարակությունը» խորագրով գիտաժողովը՝ նվիրված մայրենի լեզվի օրվան։Գիտաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ Մուշեղ Հովսեփյանը «Մայրենիի պահպանման և մատուցման առանձնահատկությունները ՀՀ հեռուստաեթերում» և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Ռուբեն Սաքապետոյանը։

Ռուբեն Սաքապետոյանը, խոսելով հայկական լրատվամիջոցների մասին, մասնավորապես հեռուստաեթերի մասին, նշեց, որ հանրության վրա և՛ լեզվական, և՛ հոգեբանական առումով և՛ բարոյապես ամենաշատ ազդեցությունն ունեն հենց ԶԼՄ-ները. «Միայն այսօր չէ, որ պետք է մտահոգվել մայրենի լեզվի անաղարտությամբ։ Այն բոլոր թերությունները, որ հատկապես առկա են հեռուստաեթերում, պետք է հնարավորինս քչացնել։ Լրատվամիջոցի յուրաքանչյուր սխալ բազմապատկվում է 3 միլիոնով։ Յուրաքանչյուր ունկնդիր այդ սխալը կրկնում է և 1 սխալը դառնում է 3 միլիոն սխալ»։

Ըստ Ռուբեն Սաքապետոյանի, հեռուստաեթերային խոսքում ամենից շատ առկա են արտասանական, ուղղախոսական շեղումներ, սխալ բառերի օգտագործում։ Դե իսկ սերիալների լեզուն առանձին խնդիր է, նշում է լեզվաբանը։

«Յուրաքանչյուր խոսքային որակ ունի իր կիրառության ոլորտը և ամեն մի ոլորտ ունի իր թելադրանքները, պայմանները։ Եթե գող կամ անբարոյական է խոսում, բնական է, նրա լեզուն չի կարող նման լինել ուսուցչի լեզվին, սակայն չի կարելի նաև շատ գռեհիկություն մտցնել լեզու։ Լեզուն հնարավոր է ոճավորել, սոցիալապես համոզիչ դարձնել»,-ասաց նա և ավելացրեց, որ պահանջում է գրաքննություն, ոչ թե գաղափարական, այլ՝ անգրագիտության դեմ. «Մեկը պետք է չթողնի, որ այդ սխալները եթեր դուրս գան, նախկինում բոլորը եթեր դուրս գալուց առաջ երկար պարապում-վարժվում էին, իսկ հիմա չեն էլ մտածում նախապատրաստվել եթեր դուրս գալուց առաջ»։

Գիտաժողովի ընթացքում ներկայացվելու են նաև «Սփյուռքում հեռարձակվող հեռուստաընկերությունների ծրագրային քաղաքականությունը», «Մեկնաբանի կերպարը եթերում» և այլ թեմաներով զեկուցումներ։