AM
14 Հունվար 2004 - 12:58 AMT

ՀԱՅ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԵԼ ՄԵԿՆԵԼ ԲԱՔՈՒ` ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորման խորհրդաժողովին մասնակցելու համար Բաքու ուղեւորվող հայ սպաներն այդպես էլ չեն հասել Ադրբեջանի մայրաքաղաք: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանի խոսքերով` այսօր երեկոյան նրանք Ստամբուլից կվերդառնան Երեւան: ՀՀ պաշտպանության նախարարության տվյալներով, Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության պահանջով Թուրքիայի համապատասխան ծառայությունները հայ զինծառայողներին չեն թույլատրել բարձրանալ Ստամբուլ-Բաքու չվերթ կատարող ինքնաթիռը: Միեւնույն ժամանակ Ս.Շահսուվարյանը դժվարացել է պատասխանել, թե ինչ պատրվակով է դա արվել: Մանրամասները հայտնի կդառնան հայ սպաների Երեւան ժամանումից հետո, նշել է նա: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Թբիլիսիում Ադրբեջանի դեսպանությունը առանց որեւէ բացատրության հրաժարվել է հայ սպաներին երկիր մուտքի արտոնագրեր տալ, սակայն հայկական պատվիրակությունը մտադրվել էր դրանք ստանալ Բաքվի օդանավակայանում: Մինչդեռ, անկախ դիտորդների կարծիքով, չթույլատրելով հայկական կողմին մասնակցել «Cooperative Best Effort-2004» զորավարժությունների պլանավորման կոնֆերանսին` Ադրբեջանը խախտել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի հիմնարար սկզբունքներից մեկը: