Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել Բաքվում ընթացող ՆԱՏՕ-ի «Cooperative Best Effort-2004» զավարժությունների պլանավորման կոնֆերանսին հայկական պատվիրակության մասնակցությանը խոչընդոտող Ադրբեջանի գործողություններին վերաբերող հայտարարությամբ: «Հայաստանի ԱԳՆ խոր մտահոգություն է հայտնում այն փաստի առնչությամբ, որ 2004 թ. հունվարի 13-ին ադրբեջանական իշխանությունների պահանջով եւ միջամտությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանը թույլ չի տրվել Ստամբուլից մեկնել Բաքու`«Համատեղ լավագույն ջանք 2004» զորավարժության նախնական պլանավորման կոնֆերանսին մասնակցելու համար»,- ասվում է փաստաթղթում: ՀՀ ԱԳՆ դատապարտել է նման գործողությունները եւ կարծիք հայտնել, որ տվյալ փաստն ամբողջապես հակասում է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի ոգուն, տառին եւ տրամաբանությանը: «Ադրբեջանական իշխանությունների այս աննախադեպ քայլը հարցականի տակ է դնում Գործընկերության այն հիմնական նպատակների իրականացումը, որոնք ուղղված են եվրաատլանտյան տարածաշրջանի ազգերի եւ, մասնավորապես, Հարավային Կովկասի պետությունների միջեւ փոխվստահության եւ երկխոսության ընդլայնմանը: Չնայած Ադրբեջանի ձեռնարկած անընդունելի գործողություններին` Հայաստանը, պաշտպանելով Գործընկերության շրջանակներում կառուցողական երկխոսություն ծավալելու սկզբունքը, հետագայում եւս շարունակելու է գործադրել բոլոր ջանքերը տարածաշրջանային համագործակցության զարգացմանը նպաստելու համար: Հաշվի առնելով «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում իրականցվող միջոցառումների շնորհիվ տարածաշրջանային համագործակցությանն օժանդակելու ՆԱՏՕ-ի սկզբունքի եւ ներուժի կարեւորությունը, Հայաստանը հույս է հայտնում, որ Դաշինքի անդամները սկզբունքայնություն կցուցաբերեն եւ կձեռնարկեն համապատասխան քայլեր այս իրավիճակը շտկելու համար»,- ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:





