AM
22 Փետրվար 2012 - 11:29 AMT

ՊԵԿ-ին ձեռնտո՞ւ չէ Հարթունյանների գործով Վարչական դատարանի քննությունը

Վարչական դատարանում քննվում էր վարչական գործը ըստ հայցի Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության վերստուգման ակտը անվավեր ճանաչելու և ՊԵԿ-ի հակընդդեմ հայցն ընդդեմ ընկերության գումարի բռնագանձման պահանջների մասին:

ՊԵԿ-ը միջնորդություն էր ներկայացրել կասեցնել գործի վարույթը Վարչական դատարանում, մինչև որ կավարտվի քրեական գործի քննությունը: Սակայն դատարանը, քննելով գործը, որոշեց շարունակել այն: Սա նշանակում է, որ նախ` դատարանը գնահատական է տալու , թե իրավաչափ է արդյոք ՊԵԿ-ի կազմած ակտը, թե ոչ:

Հարթունյան ընտանիքի մամուլի պատասխանատու Մարիամ Մուղդուսյանը գրում է, որ «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության դեմ ՊԵԿ-ը կազմել էր վերստուգման ակտ, ինչի հիման վրա ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանի և նրա աշխատակիցների նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածով` հարկերից չարամտորեն խուսափելու համար: Ընկերությունը վիճարկել էր ակտը` դիմելով Վարչական դատարան:

Երեկվա դատական նիստին ՊԵԿ ներկայացուցիչներ Գուրգեն Դավթյանը, Արսեն Մարտիրոսյանն ու Արսեն Ալեքսանյանն անգամ պատրաստ չէին ներկայացնել ակտի հետ կապված որևէ ապացույց , քանի որ վստահ էին` դատարանը կասեցնելու էր գործի վարույթը: Սրա վերաբերյալ նույնիսկ գործը քննող դատավոր Մկոյանը չի կարողացել զսպել զարմանքը. «Փաստորեն հույս ունեիք, որ գործը կկասեցվի՞»,-զարմացել է դատավորը:

Մուղդուսյանը գրում է, որ ՊԵԿ-ին ձեռնտու չէ Վարչական դատարանի կողմից գործի քննությունը, քանի որ, եթե ստացվի այնպես, որ դատարանի վճռով պարզվի, որ ՊԵԿ-ի կազմած ակտը անվավեր է, ապա կստացվի՝ Նարեկ Հարթունյանի դեմ մեղադրանքը նույնպես իրավաչափ չէ և անհիմն է: