Ծալկայի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը հերքել է վրացական հեռուստաընկերությունների հաղորդագրությունները հունվարի 16-ին իբր իր կողմից շրջանի վարչական ղեկավար Խվիստիանու դեմ կազմակերպած հայերի բողոքի ցույցի վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է Մելտոնյանը, հաղորդում է «Ա-Ինֆո» գործակալությունը, առաջինը` ցույցին մասնակցել են ոչ միայն հայեր, այլ նաեւ վրացիներ, ադրբեջանցիներ եւ հույներ: Երկրորդը` ցույցը ոչ ոքի կողմից չի կազմակերպվել, այլ եղել է ինքնաբուխ եւ առաջացել է շրջանի իշխանությունների գործունեությունից տեղի բնակիչների դժգոհության ալիքի վրա: Մասնավորապես, Խվիստիանու ղեկավարման շրջանում փակվել է շրջանային հիվանդանոցը, շուտով կփակվի եւ ծննդատունը, երկար ժամանակ մարդիկ չեն ստացել աշխատավարձ ու կենսաթոշակ: Վրացական հեռուստաընկերության վերոհիշյալ հաղորդագրության առնչությամբ, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը հունվարի 17-ին հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ: Փաստաթղթում մտահոգություն է արտահայտված Ծալկայում կատարված դեպքերի առիթով վրացական հեռուստաընկերությունների բարձրացրած արհեստական աղմուկի վերաբերյալ: «Վրաստանի Երկրորդ պետական հեռուստաալիքի հաղորդավարի հայտարարությունը «վրացական հողում հայերի անկարգությունների մասին» ազգամիջյան կոնֆլիկտ սադրելու բնույթ է կրում: Ծալկայի շրջանի հայերը Վրաստանի լիիրավ քաղաքացիներ են, եւ նրանք իրենց իրավունքների պաշտպանության համար կարող են ցույցեր կազմակերպել»,- նշվում է հայտարարության մեջ:





