Հունվարի 27-ին Եվրախորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեն կքննարկի եւ կքվեարկի «Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության քաղաքականության» մասին զեկույցը: Ինչպես տեղեկացնում է Հանուն արդարադատության եւ ժողովրդավարության Եվրոպայի հայկական դաշինքը (ԱԺԵՀԴ), խորհրդարանի անդամ Պեր Գարթոնի պատրաստած զեկույցը դիտարկում է Հարավային Կովկասի իրավիճակը եւ հանձնարարականներ է տալիս Եվրամիությանը: Ընդ որում, տարածաշրջանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականություն սահմանելու նպատակով Կոմիտեի անդամներն առաջարկել են ավելի քան 100 ուղղում, այդ թվում նաեւ Գարթոնի կողմից արված: Զեկույցի նախնական նախագծում կա առաջարկություն` տարածաշրջանի երկրներին ներգրավել Կոմիտեի «Ընդլայնված Եվրոպա` նոր հարեւաններ» նախաձեռնությունում: Զեկույցը կոչ է անում նաեւ Հարավային Կովկասում սահմանել Բալկաններում կիրառվող Կայունության մասին պակտը: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտությանը, զեկույցի նախագիծը պահանջում է ընդունել «տարածքային ամբողջականության սկզբունքը եւ ազգային փոքրամասնությունների ինքնավարության իրավունքը հարգող կոնկրետ որոշումներ»: Համաձայն ԱԺԵՀԴ -ի, այդ նպատակով հանձնարարվում է վերադարձնել «ադրբեջանցի տեղափոխված անձանց զբաղեցված տարածքներ` որպես ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանն ուղղված առաջին քայլ»: Ինչպես այդ առումով հայտարարել է ԱԺԵՀԴ-ի գործադիր տնօրեն Լորան Լեյլեկյանը, «Պեր Գարթոնը նեղ մոտեցում է ցուցադրում միջազգային իրավունքի հասկացությանը` խառնելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը ազգային փոքրամասնությունների ինքնավարության իրավունքի հետ»: Միեւնույն ժամանակ, նախնական զեկույցում չի հիշեցվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակման մասին: Այդուհանդերձ, առաջարկված ուղղումներից մի քանիսը դատապարտում են «Եվրոպայից Կովկաս ուղարկվող օգնության խոչընդոտումը»: Գարթոնի կողմից առաջարկված ուղղումում նշվում է նաեւ «Հայաստանի հետ սահմանի աստիճանաբար բացումը» որպես Թուրքիայի ԵՄ-ն անդամակցելու նախապայման: Նախնական զեկույցում նույնպես ոչինչ չի ասվում հայոց ցեղասպանության մասին: Այդուհանդերձ արվել է երեք ուղղում, որոնցում Տարածաշրջանային կայունության մասին վերջնական պակտին Թուրքիայի մասնակցության նախապայման է առաջարկվում նրա կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը: Իսկ Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի զեկույցի հեղինակ, պատգամավոր Օօստլանդերի առաջարկված ուղղումում կոչ է արվում Անկարային «նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ»: Գարթոնի առաջարկած մեկ այլ ուղղումում եւս «անհանգստություն է հայտնվում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանման եւ ԶԼՆ-ների ազատության իրավիճակի կապակցությամբ»: Արտաքին գործերով կոմիտեի կողմից զեկույցի ընդունումից հետո այն կներկայացվի Եվրախորհրդարանի առաջիկա ընդլայնված նիստում:





