AM
28 Փետրվար 2012 - 05:22 AMT

«Ժողովուրդ». Լավանդայի Արայիկը հեռացել է ՕԵԿ-ից, որ ներդրումներ չանի

Գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, դուրս է եկել ՕԵԿ-ից: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել լավատեղյակ աղբյուրներից: Պատճառը եղել է այն, որ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը Հայրապետյանից պահանջել է բավական մեծ ներդրումներ կատարել, որպեսզի ՕԵԿ համամասնական ընտրացուցակում անցողիկ տեղ հատկացնի: Հայրապետյանն էլ հրաժարվել է այդքան մեծ գումար վճարելուց և որոշել հեռանալ ՕԵԿ-ից:

«Պատահական չէ, որ նախորդ շաբաթ նա հարցազրույց տվեց` ասելով որ ո՛չ մեծամասնական, ո՛չ էլ համամասնական ընտրակարգով չի պատրաստվում մասնակցել Աժ ընտրություններին, մինչդեռ դրանից ընդամենը օրեր առաջ նա թերթի հետ զրույցում այլ բան էր պնդում»,- գրում է թերթը: Անձամբ Հայրապետյանից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել. ՕԵԿ-ի հետ կապերը խզելուց հետո նա առժամանակ հեռացել է Հայաստանից: Իսկ ՕԵԿ խոսնակ Սուսաննա Աբրահամյանը «Ժողովուրդ»-ին փոխանցել է, որ Հայրապետյանը շարունակում է մնալ ՕԵԿ անդամ և չի լքել կուսակցությունը: