AM
28 Փետրվար 2012 - 05:59 AMT

«Չորրորդ ինքնիշխանություն». Քանաքեռ-Զեյթունում սկսվել է «մենթական տեռորը»

Բավականին լարված է նախընտրական մթնոլորտը Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Ինչպես օրեր առաջ տեղեկացրել էր «ՉԻ»-ն, այստեղ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու հայտ է ներկայացրել ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի`Քեթրինի Միհրանի «մարդը». խոսքը ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի` Չախկալի մասին է:

Բանն այն է, որ այս վարչական շրջանի ղեկավար ՀՀԿ-ական Արայիկ Քոթանջյանը վաղուց հակասություններ ունի Միհրան Պողոսյանի և նրա հովանավորյալի հետ, ուստի վերջինս այս օրերին հրապարակային հայտարարում է, թե «կաշխատի» ցանկացած թեկնածուի օգտին, բայց չի պատրաստվում «սատարման» երեկոներ կազմակերպել Չախկալի համար: Այս խոսակցությունների մասին տեղեկացել է նաև Միհրան Պոդոսյանը, որը իրավիճակը հասկանալու համար նախաձեռնել է մի ամբողջ «ոազբորկաների» շարք համայնքի` «քաղաքականապես հասուն» հատվածի հետ:

Մասնավորապես` Արայիկ Քոթանջյանին վերջինս հասկացրել է, որ թաղապետին չի կարող օգնության հասնել որևէ կլան, այդ թվում` ապարանյանը, և Պողոսյանն ինչպես ցանկանա, այդպես էլ կլինի համայնքում: Քոթանջյանը, բնականաբար, չի թաքցրել իր մտադրությունները` հայտարարելով, որ ինքն է որոշելու՝ ում համար ինչ չափով «աշխատի»: Զրուցակիցները կոնսենսուսի չեն եկել, որից հետո համայնքում սկսվել է «մենթական տեռորը»: