AM
28 Փետրվար 2012 - 09:08 AMT

ԿԳՆ-ն ու «Տաշիր» հիմնադրամը լավագույն ուսանողներին կտրամադրեն կրթաթոշակներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աշոտ Վարոսյանն այսօր ստորագրեցին կրթության ոլորտում համագործակցության մասին հուշագիր: «Հուշագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական բուհերում բարձր առաջադիմությամբ սովորող հայազգի ուսանողներին և լավագույն ուսուցիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Ծրագրում ներառված են նաև Ջավախքի և Լեռնային Ղարաբաղի ուսանողնրն ու ուսուցիչները: Նրանք միայն տարածքային առումով են Հայաստանից դուրս, իսկ ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել հայազգի լավագույն ուսուցիչներին ու ուսանողներին»,- ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ ինքը շատ է կարևորում այս համագործակցությունը, քանի որ այն տարբերվում է մյուս համագործակցություններից. «Այն որևէ քաղաքական ենթատեքստ չպարտադրող համագործակություն է»:

Աշոտյանը նշեց , որ բուհերում արդեն կազմվում են լավագույնների ցուցակները, և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կկայացնի իր արդար ընտրությունը: Ընդհանուր ակցիայի շրջանակներում կտրամադրվի մոտ 100-120.000 դոլար: Ծրագիրը չի առանձնացնում վճարովի և պետպատվերի շրջանակներում սովորող ուսանողներին: Վերջիններիս կրթաթոշակը կփոխանցվի վարձավճարին, իսկ անվճարներինը կհանձնվի կանխիկ:

«Մեկ ամսվա մեջ մրցույթի արդյունքները կամփոփվեն, և վերջում կկազմակերպվի միջոցառում, որի շրջանակներում կհանձնվեն պարգևները, և այս կերպ մենք հաշվետվություն կներկայացնենք հանրությանը, թե ում և ինչու ենք ընտրել»,- նշեց Աշոտյանը: