ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դեմ է Մաշտոցի պուրակում տաղավարների տեղադրմանը: «Ես դեմ եմ Մաշտոցի այգում տաղավարների տեղադրմանը և ամեն ինչ անելու եմ, որ դրանք այնտեղից դուրս բերվեն»,- ասել է նա երեկ երեկոյան մտավորականության հետ կազմակերպված հանդիպման ժամանակ: Այդ հանդիպման ժամանակ նրան ուղեկցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը հայտարարության հնչեցման պահին Տիգրան Սարգսյանի կողքը նստած է եղել:
Վարչապետի հայտարարության հետևանքների մասին պաշտոնական մեկնաբանություն ստանալու թերթի փորձերը անցել են ապարդյուն: Սակայն, ակնհայտ է, որ եթե Մաշտոցի պուրակի տաղավարները հանվեն, ապա ստացվում է, որ դրանց տեղադրման դեմ բողոքի ակցիային տեղի տալով՝ Հայաստանի ղեկավարությունը որոշել է «փչացնել» Տարոն Մարգարյանին: Վերջինս ընդամենը մեկ շաբաթ առաջ էր պաշտոնապես հայտարարել, որ Մաշտոցի այգում տաղավարներ տեղադրելու իր որոշումը օրինական, հիմնավոր և արդարացված է: Այսինքն, Մաշտոցի այգու տաղավարները հանելը լուրջ հարված կլինիքաղաքապետ Տարոն Մարգարյանի հեղինակությանը:





