Կենսաթոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները դեռ շարունակվում են:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ ամեն ինչ միանգամից անել հնարավոր չէ, և ամենայն հավանականությամբ համակարգը կներդրվի ամռանը:
«Պետք է ստեղծվի տեղեկատվական բազա, որ կենսաթոշակառուների կարգավիճակի մասին ամբողջական տվյալներ ունենանք: Մինչև 1998 թվականը բոլոր կենսաթոշակները նշանակվում էին փաստաթղթերի հիման վրա: Չի եղել տեղեկատվական բազա: Այդ է պատճառը, որ հաճախ պարզ է դառնում՝ շատ մարդկանց կրկնակի կենսաթոշակ են նշանակել: Բայց քանի որ բոլոր քայլերը հստակ ձևակերպված չէին, չենք կարող որևէ մեկին մեղադրել»,- մանրամասնեց Ասատրյանը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ նշեց, որ իրենք աշխատում են 5-7 տարիների ընթացքում ստեղծել այնպիսի համակարգ, որ կենսաթոշակառուն միայն մեկ դիմում գրի, «իսկ մնացած խնդիրները կլուծվեն բազայի տվյալների հիման վրա»:





