«1992 թվականի մարտի 3-ին, մեր անկախ պետականության կազմավորմանը զուգընթաց, հիմնվեց համահայկական մի կառույց, որն արդեն երկու տասնամյակ, համախմբելով համայն հայության ներուժը, եզակի առաքելություն է իրականացնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ կառուցելով և նորոգելով հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ճանապարհներ, գազատարներ ու ջրատարներ, արդիական հիվանդանոցներ, կրթօջախներ ու մշակութային հաստատություններ»,- ասվում է ուղերձում:
Նախագահը շեշտում է, որ այս փառավոր ճանապարհը հիմնադրամն անցել է ձեռք ձեռքի տված` Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող իր բազմահազար նվիրատուների հետ, որոնց անկոտրում կամքի ու անմնացորդ նվիրումի արդյունքում կյանք են առել մեր հայրենիքի համար կարևորագույն նշանակության ենթակառուցվածքներ. «Այս հոբելյանը խորհրդանշում է 20 տարիների մեր միասնական ձեռքբերումները, մեծ ու փոքր հաղթանակները, որոնք ուղղված են հայ ժողովրդի բարօրությանն ու մեր երկրի առաջընթացին: Այս պայծառ հոբելյանի առթիվ ջերմագին շնորհավորանքներ եմ հղում աշխարհասփյուռ հայությանը և մաղթում, որ իրականանա շեն ու զորավոր հայրենիքում ապրելու բոլորիս երազանքը»:





