Հոլանդիայի «Գլաձոր» հայ-ուսանողական կազմակերպության անդամները վերջին երեք շաբաթների ընթացքում մեծ հետաքրքրությամբ հետևում են ի պաշտպանություն Մաշտոցի պուրակի կազմակերպվող բնապահպանական ակցիաներին:
«Հիացած ենք ձեր քաջությամբ, կամքի ուժով և միասնականությամբ: Ձեր գործն անգին է և պետք է ոգեշնչի բոլոր հայերին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս: Մեր կարծիքով, յուրաքանչյուր հայի պարտքն է մտածել վաղվա Հայաստանի մասին ու հոգալ դրա համար: Մենք միանում ենք ձեր ազնիվ պայքարին առողջ Հայաստան կերտելու, նրա գեղեցիկ բնության, մշակույթի և պատմության պահպանման համար»,- գրում է հայ-ուսանողական «Գլաձոր» կազմակերպության քարտուղար Անի Բաբաջանյանը:
Նա ցավով նշում է, որ այսօրվա իշխանությունները նույն հիացմունքի խոսքերին չեն կարող արժանանալ, բայց պահն է հասել, որ բոլորս՝ ծեր թե մանուկ, Հայաստանում թե Հայաստանից դուրս, միանանք և ուս ուսի տված, միմյանց ձեռքն ամուր բռնած միաձայնենք «Մենք ենք մեր քաղաքի տերը». «Սիրելի բնապահպաններ, դուք մենակ չեք: Եվ սփյուռքում գտնվելը երբեք մեզ չի խոչնդոտի սատարելու ձեզ»:





