Հայաստանի եւ Ադրբեջանի շահերն այսօր ավելի շատ են զուգադիպում, քան նախկինում: Այս մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, նախօրեին կայացած Բաքու-Երեւան հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն այսօր ձգտում են անդամակցել եվրոպական կառույցներին եւ «ղարաբաղյան հարցի լուծումը փորձաքար է դարձել այդ ընդհանուր նպատակներին հասնելու համար»: Շուգարյանի խոսքերով` այսօր ղարաբաղյան հարցը «Հարավային Կովկասի ընդհանուր համատեքստի եւ համաշխարհային ընտանիքում վերջինիս ապագայի մասն է հանդիսանում»: «Եվ նման ապագան Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը` ինչը եւս շատ կարեւոր է, տեսնում են միանգամայն միատեսակ: Մենք արդեն անցել ենք այդ ճանապարհի որոշակի մասը` թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը դարձել են Եվրախորհրդի անդամ: Մենք միասին գտնվում ենք ԵԱՀԿ-ում: Մենք արդեն սկսում ենք մտածել նոր եվրոպական նախաձեռնությունների մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԳ փոխնախարարը:





